Հայաստանի ազգային տոները և հիշարժան օրերը - Տուրեր դեպի Հայաստան - ExploreArmenia.am
Հայաստանի ազգային տոները․Դեկտեմբերի 31-հունվարի 2 – Նոր տարի (ոչ աշխատանքային օրեր)

Հայաստանի ազգային տոները և հիշարժան օրերը

 

Դեկտեմբերի 31-հունվարի 2 – Նոր տարի (ոչ աշխատանքային օրեր)

Նոր տարին Հայաստանում ավանդաբար նշում են, ինչպես և շատ այլ երկրներում՝ Ձմեռ պապով, Ձյունանուշով։ Նոր տարվա գիշերը դիմավորում են ընտանյոք հանդերձ, տոնական սեղանի շուրջ։ Ընտանիքի բոլոր անդամները հավաքվում են մի տանիքի տակ, որպեսզի ճանապարհեն հին տարին և դիմավորեն նորը։ Ընտանիքի անդամները միմյանց նվերներ են անում։ Հետո երիտասարդները գնում են դիսկոտեկներ, մասնակցում խոշոր քաղաքների հրապարակներում կազմակերպվող միջոցառումներին։ Ավագ սերունդը սովորաբար սիրում է հեռուստացույցով դիտել տոնական համերգները։

 

Հունվարի 6 – Սուրբ ծնունդ (ոչ աշխատանքային օր)

Հայաստանի ազգային տոները․ Հունվարի 6 – Սուրբ ծնունդ (ոչ աշխատանքային օր)

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ծննդյան և Տիրոջ հայտնության տոնը։ Երեկոյան, տոնի նախօրեին, բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում, որը կոչվում է Ճրագալույցի պատարագ։ Հավատացյալները մոմ են վառում եկեղեցիներում և այդ լույսը տանում տուն։ Հաջորդ օրն առավոտյան մատուցվում է Սուրբ ծննդյան պատարագ։ Կատարվում է ջրօրհնեքի արարողություն։ Ջրին ավելացվում է սուրբ մյուռոն, ջուրն օրհնվում է աղոթքով։ Օրհնված ջուրը բուժամիջոց է հանդիսանում հիվանդների համար, քանի որ հատուկ բարերար հատկություններ ունի։ Օրհնված ջուրը պահում են որպես սրբություն։

Սուրբ ծնունդը Հայաստանում ընտանեկան մեծ տոն է համարվում, որն ի մի է բերում ողջ ընտանիքին տոնական ճոխ սեղանի շուրջ։

 

Հունվարի 28 – Բանակի օր (ոչ աշխատանքային օր)

Հայաստանի ազգային տոները․ Հունվարի 28 – Բանակի օր (ոչ աշխատանքային օր)

Ամեն տարի հունվարի 28-ին Հայաստանում նշվում է «Բանակի օրը»։ Դա ՀՀ Զինված ուժերի բոլոր զորատեսակների զինծառայողների մասնագիտական տոնն է։ «Բանակի օրը» նշվում է 2001 թվականից, Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով։ 1992թ. հենց այդ օրը հռչակվեց հայկական բանակի ստեղծման մասին։

 

Մարտի 8 – Կանանց միջազգային օր (ոչ աշխատանքային օր)

Հայաստանի ազգային տոները․ Մարտի 8 – Կանանց միջազգային օր (ոչ աշխատանքային օր)

Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, գարնան և կանանց հանդեպ հատուկ ուշադրության տոնն է։ Այդ օրը տղամարդիկ, ինչպես նաև պատանիներն ու տղաները չեն մոռանում կանանց, աղջիկների և աղջնակների մասին, որոնք շրջապատում են նրանց տանը, աշխատավայրում, ուսումնական հաստատությունում և այլուր։ Նվիրվում են գարնան առաջին ծաղիկները՝ կակաչներ, նարգիզներ և հովտաշուշաններ։ Ուժեղ սեռի ներկայացուցիչներն իրենց սիրելի և հարազատ կանանց նվիրում են ուշադրություն և սեր։

 

Ապրիլի 7 – Մայրության և գեղեցկության տոն (աշխատանքային օր)

Հայաստանի ազգային տոները․ Ապրիլի 7 – Մայրության և գեղեցկության տոն (աշխատանքային օր)

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է ամենակարևոր տոներից մեկը՝ Սուրբ Աստվածամոր Ավետման տոնը։ Ըստ Աստվածաշնչի՝ այդ օրը հրեշտակներն ավետում են Կույս Մարիամին Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի կարգադրությամբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր։ Հայկական բոլոր եկեղեցիներում այդ օրը կատարվում է մայրերի օրհնության ծես։

Այդ օրն ընդունված է շնորհավորել մայրերին, տատիկներին, քույրերին, կանանց և հարսնացուներին։ Նրանց տալիս են ծաղիկներ և նվերներ։

 

Ապրիլի 24 – 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)

Հիշարժան օրերը Հայաստանում․ Ապրիլի 24 – 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)

Հայոց ցեղասպանությունը՝ եղեռնը, կազմակերպվել և իրականացվել է 1915-1923թթ. Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից։ Ցեղասպանությունն իրականացվել է ֆիզիկական բնաջնջման և տեղահանության միջոցով, ներառյալ քաղաքացիական բնակչության տեղահանությունն այնպիսի պայմաններում, որոնք անխուսափելիորեն հանգեցնում էին մահվան։ Ոչնչացվել է մոտ 1.500.00 հայ։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է աշխարհի 26 երկիր։ 2015թ. ապրիլի 24-ին լրացավ այդ իրադարձության 100 տարին։ Այդ օրը հարյուր հազարավոր մարդիկ բարձրանում են Ծիծեռնակաբերդի բլրին կառուցված հուշահամալիր և ծաղիկներ դնում անմար կրակին։

 

Մայիսի 1 – աշխատանքի օր (ոչ աշխատանքային օր)

Հայաստանի ազգային տոները․ Մայիսի 1 – աշխատանքի օր (ոչ աշխատանքային օր)

Հայաստանում, ինչպես նաև աշխարհի շատ երկրներում մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի միջազգային տոն։ Այն սկզբում կոչվում էր Աշխատավորների միջազգային համերաշխության օր։ Այդ օրը սովորաբար տեղի են ունենում քայլերթեր, համերգներ և տոնական միջոցառումներ։


Մայիսի 8 – Երկրապահի օր, Շուշիի ազատագրման օր (ոչ աշխատանքային օր)

Հայաստանի ազգային տոները․ Մայիսի 8 – Երկրապահի օր, Շուշիի ազատագրման օր (ոչ աշխատանքային օր)

Երկրապահի օրը Երկրապահ կամավորական միության բոլոր անդամների տոնն է։ Հայաստանի Հանրապետությունում նշվում է 2001 թվականից սկսած։ Երկրորդ՝ ոչ պաշտոնական անվանումն է Շուշիի ազատագրման օր։ 1992թ. այդ օրը իրականացվեց ռազմական գործողություն, որի արդյունքում ազատագրվեց Շուշի քաղաքը։ Մտահղացման և իրականացման տեսանկյունից դա անթերի, հայկական ռազմարվեստում եզակի ռազմական գործողություն էր, որն արմատապես փոխեց Ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարի ընթացքը։

 

Մայիսի 9 – Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օր (ոչ աշխատանքային օր)

Հայաստանի ազգային տոները․ Մայիսի 9 – Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օր (ոչ աշխատանքային օր)

Հայ ժողովուրդը, նախկին ԽՍՀՄ մյուս ժողովուրդների կողքին, իր ծանրակշիռ ավանդն է ունեցել ֆաշիստական զավթիչների դեմ պայքարում։ Հայաստանում նշվող ամենասիրված և թանկ տոներից մեկն է։

Հայ ժողովուրդն իրավամբ հպարտանում է նրանով, որ Հայրենիքին տվել է Խորհրդային Միության չորս մարշալ և մեկ ծովակալ։ Մոտ 60 հայ գեներալներ եղել են Կարմիր բանակի խոշոր միավորումների հրամանատարներ։ Արիության և խիզախության համար 70 հազար հայ զինվոր, սպա և գեներալ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով։ Փառքի շքանշանի լրիվ ասպետներ են 27 հայ։ Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել 103 հայ։ Խորհրդային Միության կրկնակի հերոսներ են լեգենդար օդաչու, բալթյան երկնքի հերոս Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը։

Այդ մեծ տոնի օրը շնորհավորում են Մեծ հայրենականի մասնակիցներին, ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվում զոհված զինվորների հուշարձաններին։ Պարտադիր հրավառություն է տրվում ի պատիվ Հաղթանակի։

 

Մայիսի 28 – Առաջին Հանրապետության օր (ոչ աշխատանքային օր)

Հայաստանի ազգային տոները․ Մայիսի 28 – Առաջին Հանրապետության օր (ոչ աշխատանքային օր)

1918թ. մայիսի 28-ին վերականգնվում է Հայաստանի անկախությունը։ Հայաստանի Հանրապետության կազմավորումը նշանավորվեց հայկական պետականության վերականգնմամբ՝ Կիլիկյան հայկական թագավորության անկումից (1375թ.) հինգ ու կես հարյուրամյակ հետո։ Անկախության հռչակման պահին հայկական տարածքների զգալի մասը զավթված էր թուրքական զորքերի կողմից, որոնք գտնվում էին անմիջապես Էրիվանի մատույցներում։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մոտ հայկական բանակի տարած հաղթանակները թույլ տվեցին կանգնեցնել թուրքերի առաջխաղացումը և վերացնել հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը։

 

Հունիսի 1 – Երեխաների պաշտպանության միջազգային օր (աշխատանքային օր)

Հայաստանի ազգային տոները․ Հունիսի 1 – Երեխաների պաշտպանության միջազգային օր (աշխատանքային օր)

Հայաստանում ամեն տարի հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Հայերը գնահատում են ընտանիքը և սիրում երեխաներին։ Ծնողները ջանում են այդ օրը լիովին նվիրել երեխաներին. նրանց տանում են զբոսայգի, կինո, կենդանաբանական այգի, մանկական հրապարակներ։ Այդ օրը ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում տարբեր միջոցառումներ են իրականացվում։

 

Հուլիսի 5 – Սահմանադրության օր (ոչ աշխատանքային օր)

Հայաստանի ազգային տոները․ Հուլիսի 5 – Սահմանադրության օր (ոչ աշխատանքային օր)

ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում։ 2005թ. Սահմանադրությունում լրացումներ կատարվեցին, որոնք արժանացան համաժողովրդական հավանության նոյեմբերի 27-ի հանրաքվեով։

 

Սեպտեմբերի 1 – Գիտելիքի օր (աշխատանքային օր)

Հայաստանի ազգային տոները․ Սեպտեմբերի 1 – Գիտելիքի օր (աշխատանքային օր)

Սեպտեմբերի 1-ը՝ ուսումնական տարվա սկիզբը, Հայաստանում նշվում է որպես «Գիտելիքի, գիր ու գրականության օր»։ Այդ օրը սկսվում են պարապմունքները բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում, տեղի են ունենում հանդիսավոր հավաքներ և, իհարկե, հնչում է ավանդական «առաջին զանգն» առաջին դասարանցիների համար։

 

Սեպտեմբերի 21 – Անկախության օր (ոչ աշխատանքային օր)

Հայաստանի ազգային տոները․ Սեպտեմբերի 21 – Անկախության օր (ոչ աշխատանքային օր)

Սեպտեմբերի 21-ին ողջ Հայաստանը նշում է Անկախության օրը։ 1991թ. այդ օրը Հայաստանի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով «Այո» ասաց Խորհրդային Միությունից անկախանալուն, որի կազմում հանրապետությունը գտնվում էր 1921 թվականից։ Պաշտոնապես հանրապետությունն անկախություն ստացավ նույն թվականի դեկտեմբերի 26-ին՝ Խորհրդային Միության փլուզման հետ կապված։

 

Հոկտեմբեր (հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը) - Երևան քաղաքի օր

Հայաստանի ազգային տոները․ Հոկտեմբեր (հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը) - Երևան քաղաքի օր

Հայաստանի մայրաքաղաք Երևանը (մինչև 1936թ.՝ Էրիվան) աշխարհի պահպանված հնագույն քաղաքներից է (հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.)։ «Էրեբունի-Երևան» առաջին պաշտոնական տոնակատարությունը տեղի է ունեցել 1968թ. հոկտեմբերին։ Նշվել է մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակը։ Երևանի օրվա կապակցությամբ տեղի են ունենում զանգվածային ժողովրդական տոնակատարություններ։

 

Դեկտեմբերի 7 – 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակի օր

Հայաստանի ազգային տոները․ Դեկտեմբերի 7 – 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակի օր

1988թ. այդ օրը, ժամը 11։41-ին Հայաստանում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ, որն ընդգրկեց Հայաստանի տարածքի ողջ հյուսիսային հատվածը։ 30 վայրկյանի ընթացքում երկրաշարժը հողին հավասարեցրեց Սպիտակ քաղաքը և մեծ ավերածություններ պատճառեց Լենինական (Գյումրի), Կիրովական (Վանաձոր) և Ստեփանավան քաղաքներին։ Ավելի քան 25 հազար մարդ զոհվեց, մոտ 19 հազար մարդ հաշմվեց, տանիքից զրկվեց հանրապետության 530 հազար բնակիչ։

Հայաստանի Հանրապետությունում նշվում են նաև բազմաթիվ եկեղեցական տոներ։ Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունը տեղափոխում է աշխատանքային օրերը։

Copyright © 2024 Explorearmenia.am. All Rights Reserved